Ճառագայթային թերապիա

Ճառագայթային բուժումն իոնիզացնող ճառագայթների կիրառումն է ուռուցքային և որոշ ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով: Այն չարորակ ուռուցքների բուժման հիմնական եղանակներից է: Զարգացած երկրներում չարորակ նորագոյացություններով հիվանդների ավելի քան կեսն իրենց բուժման ընթացքում ստանում է ճառագայթային բուժում:Մի շարք դեպքերում, օրինակ, մաշկի, ստորին շրթունքի, գլխի և պարանոցի ուռուցքների, կերակրափողի, արգանդի վզիկի քաղցկեղի բուժման դեպքում, ճառագայթային բուժումը կարող է լինել բուժման հիմնական կամ միակ եղանակը` ապահովելով հիվանդների մեծ մասի լիովին առողջացում: Այլ դեպքերում ճառագայթային բուժումը կիրառվում է որպես օժանդակ բուժում` բուժման այլ եղանակների հետ զուգակցված, կամ որպես ամոքիչ միջոցառում` հիվանդի կյանքը երկարացնելու և կյանքի որակը բարելավելու նպատակով: